«Վեդի Ալկո» ընկերությունը մինչև տարեվերջ 1250 տոննա խաղող կարող է գնել
ԽԱՂՈՂ

Հոկտեմբեր 2012

Նախորդ տարի մենք գնեցինք 1250 տոննա խաղող, կարծում եմ՝ այս տարի ընկերությունը նույն ծավալներին կհասցնի խաղողի մթերումը, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ընկերությունն արդեն մթերել է 658 տոննա խաղող, որից 480 տոննան գնել է բնակչությունից, իսկ մնացածը հավաքել է ընկերության խաղողի այգիներից:

Միաժամանակ ընկերության տնօրենը նշեց, որ հանրապետությունում 1 կգ խաղողի մթերման գինը կազմում է 220 դրամ, ինչն ըստ Ղազարյանի ճիշտ չէ, քանի որ ավելի բարձրորակ ու ավելի լավ տեսակի խաղողը պետք է ավելի բարձր գին ունենա:

Նա նշեց նաև, որ ընկերությունը խաղողի մթերման անհրաժեշտություն չուներ, սակայն շարունակել է մթերել՝ ելնելով գործընկերային պարտավորություններից:

Ընկերության տնօրենը նշեց նաև, որ 2012թ. 9 ամիսների արդյունքում հայկական ընկերությունը 50 տոկոս անկում է արձանագրել արտահանման գծով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:

«Դա պայմանավորված է արտաքին շուկաներում, այդ թվում ԱՄՆ-ում, ճգնաժամային իրավիճակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռուսական գործընկերներից շատերը զրկվել են ՌԴ շուկայում աշխատելու լիցենզիայից ալկոհոլային խմիչքների իրացման և արտադրության պահանջների խստացման պատճառով»,- պարզաբանեց Ղազարյանը:

Նա նշեց նաև, որ ընկերությունը սպառման նոր շուկաներ է որոնում, որոնց թվում են Մերձբալթյան երկրները, Մոնղոլիան, Չինաստանը: