Facebook Pixel Tracker

Գործարաններ

Գետափի գինու գործարան

 

Գետափի գինու գործարանը Հայաստանի առաջին գինու գործարաններից մեկն է: Այն հիմնադրվել է 1938 թվականին Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում: Ի սկզբանե գործարանը պետական ​​կառավարման ներքո գտնվող պետական ​​ձեռնարկություն էր։

Խորհրդային տարիներին Գետափի գինու գործարանը հումք ընդունող, վերամշակող գործարան էր, որտեղից ստացված սպիրտանյութը և գինենյութը առաքվում էր երկրորդային գործարաններ, այնտեղ իրականացնելու համար հետագա վերամշակման և շշալցման աշխատանքները։

Գործարանը զարգացել է Հայրենական պատերազմից առաջ և անգամ պատերազմի ընթացքում չի դադարեցրել իր աշխատանքը:

Պատերազմի ավարտին խաղողի այգիները ընդլայնվեցին և գինու հումքը ուղարկվում էր Երևան՝ Երևանի գինու կոմբինատ։ Խորհրդային շրջանում գործարանի տարեկան արտադրողական հզորությունը կազմում էր 6000 տոննա խաղող: Գլխավոր արտադրանքները «Արենի» և «Վերնաշեն» գինիներն էին, որոնք արտադրվում են մինչև օրս։

1999թ.-ին Գետափի գինու գործարանը սեփականաշնորհվել է և մտնում է «Վեդի Ալկո» ընկերության կազմի մեջ` Մանվել Ղազարյանի ղեկավարությամբ: Գետափի գործարանում օգտագործված սարքավորումների որոշ մասը պահպանվել է խորհրդային տարիներից և պրոֆեսիոնալ անձնակազմի ջանքերի շնորհիվ այսօր էլ օգտագործվում է գինու պատրաստման համար:

Գործարանի  խաղողի այգիները զբաղեցնում են մոտ 120 հեկտար տարածք, որից 70 հեկտարը՝ միայն հնագույն խաղողի  տեսակներից մեկը համարվող «Արենին»։ Խաղողի որոշ մասն էլ ստացվում է վարձակալված տարածքներից։

Գործարանի արտադրանքի մեջ կան անապակ, կիսաքաղցր և կիսաչոր գինիներ: Գործարանում առկա է նաև Էնոտեկ՝ ավելի քան 60 տարվա հնեցում ունեցող ամենահաջողված գինիների հավաքածուով:

Այսպիսով, Գետափի գինու գործարանը ներկայումս յուրացրել է նաև սպիտակ չոր գինիների արտադրությունը, որոնք կարճ ժամանակահատվածում դարձել են բոլորի կողմից շատ սիրված:

Գետափի գինու գործարանի արտադրանքը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և  սպառողի բարձր գնահատանքի նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս։

Գործարանի լավագույն գինիներից մեկը լեգենդար «Արենի» գինին է, որը ստացվում է 1945 թվականից։ Այն աչքի է ընկնում  ինտենսիվ մուգ կարմիր սուտակային գույնով, համեմունքների, տակառի և տեսակային բույրերի փնջով: Համը հագեցած է յուրահատուկ մրգային  փնջով և հաճելի տտիպությամբ։

«Արենի» գինին 1981թ․-ին արժանացել  է որակի նշանի՝ Խորհրդային շրջանի բարձրագույն որակավորումներից մեկին գինեգործության ոլորտում։ Ամբողջ Հայաստանում հենց Գետափի գինու գործարանն է ստացել այդ որակավորումը։ Իսկ 1983թ․-ին «ԱՏՆՑ (ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդես)»-ի ժամանակ «Արենի» գինին արժանացել է մեդալի «Լավագույն գինի» անվանակարգում։

2000 թվականին «Արենի» գինին դասվել է աշխարհի 1000 լավագույն գինիների շարքում Ֆրանսիայում անցկացված համտես-մրցույթի շրջանակներում:

«Արենի» գինին իրավամբ սիրվել և բարձր գնահատանքի է արժանացել ամբողջ աշխարհում։

Իսկ գործարանի մյուս՝ ոչ պակաս ճանաչված և սիրված գինին «Գետափ Վերնաշեն» գինին է, որի պիտակի վրա պատկերված է Վերնաշեն քաղաքից 7կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակավոր վանքը, որի պատերի տակ է հանգչում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը։ Իսկ պատկերի կողքին գրված են Նժդեհի այն նույն խոսքերը, որոնք և տապանաքարի վրա. «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»։

 

Վեդու գինու գործարան

 

Վեդու գինու գործարանը գտնվում է Արարատի մարզի Գինեվետ համայնքում: Հիմնադրվել է 1956 թվականին Հայկական ԽՍՀ կառավարության կողմից` որպես Վեդու շրջանի գինու գործարան: Վեդու գինու գործարանի շինարարությունը սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1956 թվականին՝ որպես պետական ձեռնարկություն: Գործարանի հիմնադրման արդյունքում շրջակայքի գյուղերը և արդյունաբերությունը արագ զարգացան: 1994 թվականին Վեդու գինու գործարանը սեփականաշնորհվել է «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի կողմից և մինչև օրս մտնում է նրա կազմի մեջ։